ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

ՀՀ նախագահի մամուլի ծառայություն 

Հոկտեմբեր 21, 2021

«ՆԱՏՕ-ն արժեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը»

 

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը եւ կարեւորել քաղաքական երկխոսության շարունակումը:

Այս մասին նա ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

Արմեն Սարգսյանը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի բնականոն համագործակցությունը եւ գործընկերային հարաբերությունները: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է իր կարեւոր ներդրումն ունենալ խաղաղության ու կայունության հաստատման միջազգային հավաքական ջանքերում:

Արմեն Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են պատերազմից հետո մեր երկրում եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին:

Նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ անհասկանալի ու լուրջ խնդիր է 44-օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, որի մասին նա բարձրաձայնել էր նաեւ 2020թ. հոկտեմբերին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցի ընթացքում: