Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոն
Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոն հիմնելու գաղափարը պատկանում է “Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկակական կենտրոն” /ՏՆՀԿ/ հասարակական կազմակերպությանը: 2005թ. աշնանը ՏՆՀԿ-ն բանակցություններ սկսեց ՆԱՏՕ-ի Հասարակական դիվանագիտության վարչության եւ ՀՀ կառավարության հետ, որի արդյունքում Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոն հիմնելու մասին դրույթն ամրագրվեց ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում /ԱԳԳԾ/: Կենտրոնի տարածքի վարձակալության ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը` պետական բյուջեի միջոցների հաշվին: ՆԱՏՕ-ն Կենտրոնին է տրամադրում տարեկան ֆինանսական հատկացումներ, ապահովում է գրականությամբ եւ այլ նյութերով:
Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնն իր դռներն այցելուների համար բացեց 2006թ. նոյեմբերին, իսկ պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2007թ. մարտին:
Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի հիմնական նպատակներն են Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեության մասին տեղեկատվության տարածումը եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության ներկայացումը: Այդ նպատակների իրականացման համար կենտրոնն իրագործում է տարբեր ծրագրեր եւ միջոցառումներ, հրատարակում է ձեռնարկներ ու գքրեր:
Կենտրոնում ներկայացված բոլոր գրքերն ու ձեռնարկներն այցելուներին տրամադրվում են անվճար:
2007թ. մարտի 12-ին Երեւանում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ու հասարակական դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ժան Ֆուրնեն: Ելույթ ունենալով կենտրոնի բացմանը` Ժան Ֆուրնեն ասաց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի, նրա գործունեության եւ խնդիրների վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը “շատ կարեւոր է, եթե մենք ցանկանում ենք ճշգրիտ պատկերացում ստանալ ՆԱՏՕ-ի օրակարգի մասին”: “Հայաստանի հետ մեր յուրահատուկ գործընկերությունն ամուր զարգանում է”,- ասաց Ժան Ֆուրնեն, նշելով, որ Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի խնդիրներից մեկը դաշինքի հետ Հայաստանի համագործակցության տարբեր ուղղությունների մասին տեղեկացնելն է:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ “այս կենտրոնի հիմնումը ԱԳԳԾ-ի կետերից մեկն է, եւ ես շատ գոհ եմ, որ մենք այն կյանքի են կոչել այս փաստաթղթի իրագործման առաջին տարվա ընթացքում”: “Սա շատ կարեւոր քայլ է, քանի որ տվյալ կենտրոնի միջոցով, ՆԱՏՕ-ի հետ համատեղ, մենք ճիշտ տեղեկություններ կներկայացնենք դաշինքի, նրա գործունեության եւ Հայաստանի հետ համագործակցության մասին”,- ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: