«Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» (հայերեն հրատարակություն)
Ռոնալդ Ասմուսի “Բացելով ՆԱՏՕ-ի դուռը” գիրքը հայերեն լեզվով հրատարակվել է 2008թ. հունիսին:
Ռոնալդ Ասմուսն իր գրքում ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը ներկայացնում է թե որպես տեսաբան եւ թե որպես իրադարձությունների անմիջական մասնակից: 1990-ականների սկզբին նա այն մարդկանցից էր, որոնք գիտական շրջանակներում բարձրացրին ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարը: Մի քանի տարի անց Ասմուսը ԱՄՆ նախագահ Քլինթոնի վարչակազմում աշխատելու հրավեր ստացավ եւ, զբաղեցնելով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնը, սկսեց զբաղվել ժամանակին իր առաջ քաշած գաղափարների անմիջական իրականացմամբ:
“Բացելով ՆԱՏՕ-ի դուռը” գրքի հայերեն հրատարակությունը հովանավորել են Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը, Էստոնիայի եւ Լատվիայի պաշտպանության նախարարությունները:
“Ուրախ եմ իմ գրքի հայերեն հրատարակության առթիվ: Դա ինձ համար գաղափարի եւ տեսլականի ուժի վկայությունն է, մի տեսլականի, որով Եվրաատլանտյան համայնքը բացվեց Արեւմուտքի հետ կապվել ձգտող նոր ժողովրդավարությունների առջեւ: Այս գիրքը նկարագրում է ավելի քան մեկ տասնամյակ առաջ տեղի ունեցած բանավեճերն ու իրադարձությունները, երբ ծավալվեցին եւ հաղթանակով ավարտվեցին ՆԱՏՕ-ի ընդլայնման շուրջ առաջին քաղաքական մարտերը: Շատ դրական նշան է, որ այն դեռեւս արդիական է մեկ այլ աշխարհամասում”, - գրել է Ռոնալդ Ասմուսը գրքի հայերեն հրատարակության առաջաբանում: