ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարեւորել է Թուրքիայի դերը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում դրվատանքի խոսքեր է ասել Անկարայի հասցեին:
Նրանք հանդիպել են մարտի 11-ին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում:
Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական հաղորդագրության, Յենս Ստոլտենբերգը երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ ՆԱՏՕ-ի հավաքական զսպման եւ պաշտպանության համակարգում մասնակցության համար: Նա ողջունել է Մոսկվայի եւ Կիեւի միջեւ միջնորդի դերում հանդես գալու Թուրքիայի ջանքերը, ինչպես նաեւ՝ Ուկրաինային օգնություն հատկացնելը:
Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ «այս վտանգավոր պահին Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան ՆԱՏՕ-ում կանգնած են ուս-ուսի եւ Թուրքիայի առաջնորդությունը եւ հավատարմությունը ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգությանը շատ բարձր է գնահատվում»:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի իր ելույթում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ «եթե 2014-ին Արեւմուտքն ու միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գային Ղրիմի բռնակցման դեմ, այսօր պատկերը բոլորովին այլ կլիներ»: