Հունվար 11, 2022

Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններում գալիս է «ճշմարտության պահը»

 

 Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններում «գալիս է ճշմարտության պահը»։


Հունվարի 12-ին Բրյուսելում կկայանա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որին, Գրուշկոյի խոսքով, «Ռուսաստանը հույս ունի լուրջ խոսակցություն ծավալել»։
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, դիվանագետն ասել է, որ դա ոչ պաշտոնական հանդիպում է լինելու, իսկ ռուսական պատվիրակության համար առանցքային թեման լինելու են անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները։
«Մենք գնում ենք այնտեղ միանգամայն իրատեսական ակնկալիքներով եւ հույսով, որ դա կլինի լուրջ, խորը խոսակցություն եվրոպական անվտանգության առանցքային, հիմնարար խնդիրների շուրջ, որոնք երկար տարիներ «տարվում եւ բերվում էին»  ՆԱՏՕ-ի երկրների կողմից, համարվում էին ոչ էական, որպես ՆԱՏՕ-ի «խաղաղասեր» բնույթի եւ նրա գործունեության նկատմամբ Ռուսաստանի անվստահության արտահայտություն»,- ասել է փոխնախարարը։


«Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ դաշինքի հետ մեր հարաբերություններում գալիս է ճշմարտության պահը։ Ահա թե ինչու մենք գնացինք դասական դիվանագիտության տեսանկյունից անսովոր քայլի եւ իրավական պարտադիր ուժ ունեցող պայմանագրերի նախագծեր ներկայացրեցինք»,- պարզաբանել է Գրուշկոն։


2021 թվականի դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել էր փաստաթղթերի նախագծեր՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ։ Մոսկվան, մասնավորապես, երաշխիքներ է պահանջում, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի եւ կհրաժարվի Եվրոպայում այնպիսի հարվածային համակարգերի տեղակայումից, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանին։ Այս թեման քննարկվել էր հունվարի 10-ին Ժնեւում ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի երկկողմ բանակցություններում։