Փետրվար 15, 2020

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

 

Փետրվարի 11-ից 14-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման եւ բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի խումբը:

Այցի նպատակն էր ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում եւ բարեվարքության ամրապնդում» առարկայի պիլոտային ծրագրերի ներդրման ընթացքի վերաբերյալ մասնագիտական քննարկումների անցկացումը: 

ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների «Լավ կառավարում եւ բարեվարքության ամրապնդում» առարկայի ներդրման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամների հետ: Հայկական կողմը բանախոսություններ է ներկայացրել իրականացված աշխատանքների, մասնավորապես՝ առարկայի պիլոտային ծրագրերի մշակման, ներդրման, ուսուցման մեթոդաբանության եւ հետագա ծրագրերի վերաբերյալ:

Փետրվարի 13-ին ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը հյուրընկալվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, «Պետության ռազմական անվտանգությունը» խորագրով ակադեմիական գերատեսչական դասընթացի ունկնդիրներին եւ հաստատության պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել «Լավ կառավարման եւ բարեվարքության ամրապնդման հիմնահարցերը ռազմավարական մակարդակում» խորագրով բանախոսություն: 

Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՊՆ համապատասխան ստորաբաժանումների եւ ռազմաուսումնական հաստատությունների աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատությունների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի հետ համագործակցության հետագա ծրագրերը եւ ուղենիշները: