Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանի անվտանգության ուժերին
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:
Նիստի ընթացքում մասնակից երկրների պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Աֆղանստանում տեւական անվտանգությանն ու կայունությանն աջակցելու գործում:
Համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ուսուցում-օժանդակություն-խորհրդատվություն ձեւաչափով աջակցությունը Աֆղանստանի ազգային պաշտպանության եւ անվտանգության ուժերին։
Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը կարճատեւ զրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հետ։
Վերահաստատվել է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով առկա պաշտպանական համագործակցության ծրագրերի շարունակման անհրաժեշտությունը։
