Մարտ 11, 2019

ՆԱՏՕ-ն մնում է Հայաստանի կարեւոր գործընկերը

 

Այսօր Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթը»:

«ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկնարկը Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում ազդարարել են Հայաստանի ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը, ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիսին:

Արմեն Եդիգարյանն ու Լեւոն Այվազյանը նշել են, որ ՆԱՏՕ-ն շարունակում է կարեւոր գործընկեր լինել Հայաստանի համար, իսկ համագործակցությունը դաշինքի հետ ընթանում է բնականոն եւ արդյունավետ հունով:

Արմեն Եդիգարյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են ընթանում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործակցության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ-IPAP) 6-րդ փուլի մշակման ուղղությամբ: Ծրագիրն, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի 2020 թվականի գարնանը: Մինչ այդ ուժի մեջ է ԱԳԳԾ գործող տարբերակը, ընդգծել է դիվանագետը:

Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը կարեւորել է հանրության լայն շրջանակների ներգրավվումը «ՆԱՏՕ-ի շաբաթվա» միջոցառումներին։ Նրա խոսքով, դա թույլ կտա, որպեսզի ոչ միայն փորձագետները տեղեկացված լինեն ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի հետ դաշինքի համագործակցության մասին:

«Նախորդ տարվա թավշյա հեղափոխությունը Հայաստանում հզոր ազդակ էր առ այն, որ ժողովուրդը ցանկանում է ստանձնել երկրում տեղի ունեցող զարգացումների պատասխանատվությունը»,- ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիսին: Նա նկատել է, որ հեղափոխությունից հետո դաշինքը առավել կարեւորում է համագործակցությունը Հայաստանի հետ բարեվարքության (building integrity) ոլորտում, որը վերաբերում է զինված ուժերում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարին:

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն կարեւորում են նաեւ քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ՝ այդ թեմային է նվիրված համաժողովը, որը կանցկացվի Հայաստանի Ազգային ժողովում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» ընթացքում: Իրենց փորձը համաժողովում կներկայացնեն ՆԱՏՕ-ի մի շարք անդամ-երկրների ներկայացուցիչներ:

«ՆԱՏՕ-ի շաբաթվա»-ի ընթացքում Հայաստան կայցելեն Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը եւ ՆԱՏՕ-ի՝ կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կլեր Հաթչինոսոնը: