Մարտ 02, 2017

ՀՀ-ն ու ՆԱՏՕ-ն գնահատել են գործընկերության նպատակները

 

Փետրվարի 27-ից մարտի 1-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող Պլանավորման եւ վերանայման գործընթացի (Planning and Review Process-PARP) եւ Գործընկերության նպատակների ամենամյա առաջընթացի գնահատումը։

Քննարկումների արդյունքում արդիականացվել են ՀՀ պաշտպանական բարեփոխումների եւ փոխգործունակ խաղաղապահ կարողությունների զարգացման աջակցությանն ուղղված ծրագրերն ու նպատակները։

Մասնավորապես, Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման (Strategic Defense Review-SDR) գործընթացի եւ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված պաշտպանության ոլորտի օրենսդրության բարեփոխման արդյունքում վերանայված նպատակները կշարունակեն աջակցել պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության, բարեվարքության (Building Integrity) ամրապնդման, անձնակազմի կառավարման, ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործունակ կարողությունների զարգացման եւ այլ ազգային առաջնահերթություններին ու համագործակցության ծրագրերին։

Գնահատման արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի եւ ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման տնօրինության ղեկավար Պոլ Սեւերոյի մասնակցությամբ կայացած եզրափակիչ հանդիպման ժամանակ:

Գնահատման արդյունքներն առաջիկայում կներկայացվեն Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հաստատմանը։