Մարտ 10, 2016

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն շարունակում են համագործակցությունը

 

Մարտի 9-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական կառույցի ղեկավարներ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախագահությամբ կայացած նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով:

Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին, խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության իրագործմանը, սիրիական ճգնաժամին և դրա հետևանքով ի հայտ եկած հարցերին, միջազգային հարաբերությունների հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին:

Անդրադառնալով Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններին` Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ 2014-2016թթ. ծրագիրը հաջողությամբ իրականացվում է և շեշտել, որ շուտով կմեկնարկի 2017-2018թթ. ԱԳԳԾ մշակման միջգերատեսչական գործընթացը։

Էդվարդ Նալբանդյանը Հյուսիսատլատնյան խորհրդի անդամներին ներկայացրել է Հայաստանում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները և դրանից բխող բարեփոխումների գործընթացը։Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձել է պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ռազմական կրթության բնագավառում կարողությունների ընդլայնմանը և այդ համատեքստում կարևորել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդամ շուրջ մեկ տասնյակ երկրների ներկայացուցիչներ դրական են գնահատել Հայաստանի և դաշինքի միջև արդյունավետ փոխգործակցությունը և արձանագրված արդյունքները:

Այնուհետեւ նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, պաշտպանական և անվտանգության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Աֆղանստանի եւ Կոսովոյի խաղաղապահ գործողություններին շարունակական մասնակցության համար:

Յենս Սթոլթենբերգը նաեւ մատնանշել է շարունակական համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական բարեփոխումների, ուժեղացված փողհամատեղելիության, պաշտպանական կրթության բարեփոխման եւ արտակարգ իրավիճակների պլանավորման ոլորտներում: