Փետրվար 05, 2016

ՆԱՏՕ-ի փորձագետները Երեւանում քննարկում են Բարեվարքության ծրագիրը

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի փորձագիտական գնահատման (peer review) խմբի անդամներին:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, այցի նպատակն էր պաշտոնյաների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել բարեվարքության ծրագրի (Building Integrity) ինքնագնահատման հարցաշարի վերաբերյալ ՀՀ ՊՆ պատասխանները եւ ստանալ լրացուցիչ պարզաբանումներ, ինչի հիման վրա մեկնարկելու են «Բարեվարքության ամրապնդման գործողությունների ծրագրի» մշակման աշխատանքները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարեւորել է ՀՀ ՊՆ արդյունավետ մասնակցությունը Բարեվարքության ամրապնդման ծրագրին:

Փորձագիտական գնահատման խմբի անդամները ընդգծել են, որ խումբը բավարարված է այցի արդյունքներով եւ այս թեմայով լրացուցիչ այց չի պլանավորում:

Նրանք Սեյրան Օհանյանին ներկայացրել են իրենց հիմնական դիտարկումները եւ տեղեկացրել, որ սկսում են «Բարեվարքության ամրապնդման գործողությունների ծրագրի» մշակման համար առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքները: