Հայաստանն ու ՆԱՏՕ-ն շարունակելու են «ամուր գործընկերությունը»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել Հայաստանին`Կոսովոյում եւ Աֆղանստանում Դաշինքի խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար:
Ինչպես հաղորդում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը, այսօր Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում ընդունել է Հայաստանի ԱԳ եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանին եւ Սեյրան Օհանյանին, ովքեր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցում են Հյուսիսատլանտյան խորհրդի «28+Հայաստան» ձևաչափով նիստին:
Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի պատրաստակամությունը` մասնակցել 2014 թ.-ից հետո Աֆղանստանում Խաղաղության աջակցման առաքելությանը:
Անդերս Ֆոգ Ռասմուսենը ողջունել է Հայաստանի կողմից Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրի (IPAP) նոր ցիկլի մեկնարկը եւ հայկական կողմի ջանքերն ուղղված պաշտպանության եւ անվտանգության ոլորտում առավել թափանցիկության ապահովմանը:
Հանդիպման ժամանակ կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը շարունակել եւ խորացնել ամուրը գործընկերությունը: