Իրակլի Ալասանիա. «Երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում ավելի գործնական է դարձել»
Վրաստանի պաշտպանության նախարարի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին
Մարտի 7-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան կկատարի իր առաջին այցը Հայաստան: Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:
- Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Համարու՞մ եք արդյոք, որ երկու երկրները պետք է խորացնեն հարաբերություններն այդ ասպարեզում:
- Նախեւառաջ, թույլ տվեք ընդգծել, որ մեր երկրներն ունեն շատ լավ բարիդրացիական հարաբերություններ, ինչն արտացոլվում է մեր համագործակցության բազմաթիվ ուղղություններում:
Պաշտպանության ոլորտը բացառություն չէ: Մենք երկար տարիներ համագործակցում ենք տարբեր ասպարեզներում` ռազմական կրթություն եւ ուսուցում, փոխանակվում ենք պաշտպանության ռազմավարական պլանավորման եւ պաշտպանական բարեփոխումների ոլորտում ձեռք բերված փորձով:
Հայ զինվորականներին պարբերաբար հրավիրում ենք մասնակցելու միջազգային դասընթացներին մեր ռազմական բուհերում: Վերջին տարիների ընթացքում մեր համագործակցությունն աշխուժացել է՝ դառնալով ավելի գործնական: Թույլ տվեք ավելացնել նաեւ, որ տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ խաղաղության պահպանման համար անհրաժեշտ է համագործակցել բոլոր հարեւանների հետ:
- Որքան մեզ հայտնի է, Հայաստանի ու Վրաստանի միջեւ չկան ստորագրված փաստաթղթեր ռազմական համագործակցության ասպարեզում: Չե՞ք նախատեսում մոտ ապագայում համաձայնագրեր ստորագրել հայաստանյան գործընկերների հետ:
- Վրաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունները աշխատում են մի քանի փաստաթղթերի վրա, որոնք կոչված են պաշտոնականացնել մեր համագործակցության կոնկրետ ուղղությունները: Ներկայումս դրանք դեռեւս փաստաթղթերի նախագծեր են, ներքին ընթացակարգերը շարունակվում են, եւ նրանք կստորագրվեն, երբ կողմերը համաձայնեցնեն բոլոր դրույթները:
Բացի այդ, 2010 թվականից սկսած մենք ամեն տարի կնքում ենք երկկողմ համագործակցության ծրագրեր պաշտպանության ոլորտում:
Շարունակությունը`Մեդիամաքսի կայքում