Ռոբերտ Սիմոնսը պատասխանեց հայաստանյան լրագրողների հարցերին
Ինչպես յուրաքանչյուր այցի ժամանակ, այս անգամ եւս Հայաստան իր այցելության շրջանակներում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հյուրընկալվել էր Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում:
Ելույթ ունենալով կենտրոնի գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ` պրն.Սիմոնսը նշեց, որ իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում ՀՀ կառավարությունը մեկ անգամ եւս հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ԱԳԳԾ շրջանակներում: Նշվեց նաեւ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս տարվա նոյեմբերին Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել, սպասվում է, որ գագաթաժողովը առանցքային կլինի ՆԱՏՕ-ի համար, քանզի ակնկալվում է կազմակերպության նոր հայեցակարգի հաստատումը:
Պատասխանելով կենտրոնում հյուրընկալված հայաստանյան լրատվա¬միջոցների ներկայացուցիչների հարցերին`Սիմոնսը անդրադարձավ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացման հարցին, նշելով,որ ՆԱՏՕ-ն ընդունում է, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ եւ ռազմաբազայի ժամկետների հետ կապված փոփոխությունները իիրենց ազդեցությունը չեն կարող ունենալ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական գոտում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերին` Ռոբերտ Սիմոնսը նշեց, որ ՆԱՏՕ-ն անհանգստացած է տեղի ունեցած արյունալի իրադարձություններով, եւ ղարաբաղյան հարցի լուծումը պատկերացնում է միայն միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա`ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման:
Ներկայացնելով ՆԱՏՕ-ի տեսակետը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված եւ հետագայում հետ կանչված բանաձեւի նախագծի վերաբերյալ` Սիմոնսը նշեց, որ տեղի ունեցածը նախադեպային է. առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը դիմում է այդպիսի քայլի: Եվ չնայած դա յուրաքանչյուր սուվերեն պետության իրավունքն է, այնուամենայնիվ ղարաբաղյան կարգավորման հարցում ՆԱՏՕ-ն համակարծիք է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած ձեւաչափերին: