Հունվար 24, 2012

ՆԱՏՕ-ի պաշտոնյան շնորհակալություն է հայտնել Հայաստանին` Աֆղանստանում իրականացվող առաքելությունում ներդրում կատարելու համար

 

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Կարլոս Բրանկոն այսօր Երեւանում Դաշինքի անունից Հայաստանին խորին շնորհակալություն է հայտնել` Աֆղանստանում իրականացվող առաքելությունում ներդրում կատարելու համար:

Ընդունելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համառոտ ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, կատարվելիք աշխատանքները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կողմից ակնկալվող օժանդակության ոլորտները: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ:

Քննարկվել են Դաշինքի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցության գերակա ուղղություններին եւ դրանց օժանդակող ուղեցույցային փաստաթղթերին առնչվող հարցեր:

Բարձրաստիճան պաշտոնյայի այցի հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի եւ գործընկեր պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացմանը միտված նոր նախաձեռնությունների քննարկումը:

Գեներալ Բրանկոն այցելել է նաեւ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հադես է եկել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության մասին դասախոսությամբ: