Հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ծրագիրը
Հյուսիս-Ատլանտյան խորհուրդը եւ Հայաստանը հաստատել են Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թթ. Անհատական գործընկերության գործողությունների 5-րդ ծրագիրը (ԱԳԳԾ)։
ԱԳՆ-ում նշել են, որ սկսած 2006-ից՝ ԱԳԳԾ-ն նպատակաուղղված է աջակցելու Հայաստանին պաշտպանության եւ անվտանգության ոլորտների բարեփոխումների անցկացմանը, ՀՀ խաղաղապահ ուժերի փոխգործակցելիության կարողությունների եւ հնարավորությունների զարգացմանը։
ԱԳԳԾ իրականացումը նպաստում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի քաղաքական երկխոսության շարունակական զարգացմանը, ՀՀ պաշտպանական ոլորտի ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության ընդլայնմանը եւ ուժեղացմանը, աղետների նվազեցմանը եւ ճգնաժամային կառավարմանը, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցության վերաբերյալ հասարակական իրազեկման բարձրացմանը:
Ծրագրում ներառված են նաեւ ՆԱՏՕ-ի Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության ծրագրի շրջանակում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության միջոցառումներ: