ՀՀ-ն մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպմանը

 
Հունվար 18, 2017
 
 

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը:

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում անցկացվել է երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաեւ «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձեւաչափերով:

«Վճռական աջակցություն» ձեւաչափով նիստը նվիրված է եղել Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների շուրջ կարծիքների փոխանակմանն ու ուղենիշների համաձայնեցմանը:

«Փոխգործունակության հարթակ» ձեւաչափով նիստի շրջանակում քննարկվել են ՆԱՏՕ-ի եւ գործընկեր պետությունների զինված ուժերի միջեւ օպերատիվ համատեղելիության զարգացմանը եւ միջազգային կայունությանն առնչվող հարցեր:

Նիստերին հաջորդել է Մովսես Հակոբյանը հանդիպումը ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դենֆորդի հետ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության գերակայությունները եւ դրանց զարգացման հեռանկարները:


 վերադառնալ