Նոյեմբեր 22, 2016

Հայաստանը մասնակցել է «ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես»-ին

 

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է «ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես» (NATO Charity Bazaar) ամենամյա տոնավաճառը, որի ամբողջ հասույթը տրամադրվում է միջազգային տարբեր բարեգործական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը:

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ նոյեմբերի 20-ին կայացած տոնավաճառին 42 երկրների շարքում այս տարի առաջին անգամ մասնակցել է նաեւ ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Հայկական տաղավարում ներկայացվել են հայ վարպետների ձեռագործ հուշանվերներն ու զարդերը, հայկական կոնյակն ու գինին, ինչպես նաեւ մշտական ներկայացուցչության դիվանագետների կանանց պատրաստած քաղցրավենիքը:

Միջոցառմանը հայկական ժողովրդական պարերի ծրագրով հանդես է եկել Բրյուսելի «Հայք» պարային համույթը:

ՀՀ առաքելությանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Երեւանի կոնյակի գործարանն ու Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանը։

««ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես» կազմակերպության միջոցառումներին ՀՀ մշտական ներկայացուցչության շարունակական եւ արդյունավետ մասնակցության շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի ֆինանսավորում ստանալ նաեւ Հայաստանի տարբեր բարեգործական կազմակերպությունների համար»,- նշել են ԱԳՆ-ում: