Նոյեմբեր 18, 2016

Երեւանում ամփոփվել է «ՆԱՏՕ-ի շաբաթը»

 

Երեւանի պետական համալսարանում այսօր ամփոփվել է նոյեմբերի 14-ին մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթը»:

ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը թվով 10-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթը» «գերազանց» է գնահատել:

Միջոցառմանը ներկա Հայաստանում Գերմանիայի եւ ԱՄՆ դեսպանները միասնական կարծիք են հայտնել, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործությունը արժեքավոր է:

«Մեր օրերում առկա բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար պետք է քաղաքական կամք դրսեւորենք՝ մեր գործընկերների հետ միասին»,- ասել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

ԵՊՀ ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին նշել է, որ «մենք եկել ենք այստեղ ոչ թե ՆԱՏՕ-ն գովազդելու, այլ մեր համագործակցության հաջորդ քայլերը նախանշելու համար»:

«Ամենեւին պարտադիր չէ լինել ՆԱՏՕ-ի անդամ՝ օգտվելու համար բոլոր այն հնարավորություններից, որը դաշինքը կարող է առաջարկել», - ասել է Ջեյմի Շին:

«ՆԱՏՕ-ի շաբաթվա» ընթացքում տեղի ունեցան «Կանայք զինված ուժերում» թեմայով աշխատաժողովը, այցելությունը ՀՀ զինված ուժերի Խաղաղապահ բրիգադ, հեռուստակամուրջը Կոսովոյում եւ Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների հետ, «Կիբեր անվտանգության կարողությունների զարգացում» աշխատաժողովը, «Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» տեղեկատվական օրը, մամուլի ասուլիսները Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում: