Նոյեմբեր 17, 2016

ՀՀ-ն ապացուցել է, որ պետք չէ ընտրել ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին այսօր Երեւանում հայտարարել է, որ Հայաստանի ու Հյուսիսատլանտյան դաշինքի լավ հարաբերությունները «վկայում են այն մասին, որ ՆԱՏՕ-ի հետ մի երկրի սերտ համագործակցությունը չի նշանակում, որ այն ավտոմատ կերպով պետք է հակառուսական լինի»:

Ջեյմի Շին Հայաստան է ժամանել «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումներին մասնակցելու նպատակով եւ այսօր Երեւանի ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում հանդիպել է լրագրողներին:

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն մեծ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի անդամակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը:

«Մենք երբեւէ հարցը չենք դնում «կամ-կամ» մակարդակում: Մենք միշտ էլ ասում ենք, որ պետք է գործել «եւ-եւ» սկզբունքով»,- նկատել է Ջեյմի Շին:

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ նա հիշեցրել է, որ «Ղրիմի անօրինական բռնազավթումից առաջ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պատրաստվում էին համատեղ ծովային գործողություն սկսել Միջերկրական ծովում՝ սիրիական քիմիական զինանոցների վերացման շրջանակում»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականն ընդգծել է, որ «այսօր Ռուսաստանից պաշտպանվելու օրինական գործողություններ ձեռնարկելով՝ ՆԱՏՕ-ն այնուհանդերձ համարում է, որ հնարավոր է վերադառնալ համագործակցության արդյունավետ ձեւերին, որոնք առկա էին նախկինում»: Մասնավորապես, Ջեյմի Շին հիշեցրել է, որ ժամանակին Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն համագործակցում էին Բալկաններում, Ռուսաստանը աջակցություն էր ցուցաբերում դաշինքին Աֆղանստանում:

«Հայաստանը, որը լավ հարաբերություններ ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ ՆԱՏՕ-ի հետ, լավ օրինակ է այն բանի, որ Եվրոպան այնքան էլ մասնատված չէ, որքան կարող է թվալ, եւ դա թույլ է տալիս հուսալ, որ ժամանակին մենք կկարողանանք վերականգնել եվրոպական անվտանգության խարխլված ճարտարապետությունը», - եզրափակել է Ջեյմի Շին: