Նոյեմբեր 17, 2016

Ջեյմի Շի. «Հայաստանն ու ՆԱՏՕ-ն հիանալի զույգ են տանգոյի համար»

 

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին (Jamie Shea) այսօր Երեւանում հայտարարել է, որ «Հայաստանն ու ՆԱՏՕ-ն հիանալի զույգ են տանգոյի համար»:

Ջեյմի Շին Հայաստան է ժամանել «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումներին մասնակցելու համար եւ այսօր Երեւանի ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում հանդիպել է լրագրողներին: 

Դաշինքի ներկայացուցիչը ասել է, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը կառուցվում է ընդհանուր շահերի վրա, «երկկողմանի ճանապարհի» սկզբունքով: 

«Ինչպես ասում են մեզ մոտ, տանգո պարելու համար զույգ է պետք: Եվ ահա, վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն հիանալի զույգ են՝ տանգո պարելու համար», - ասել է Ջեյմի Շին: 

Խոսելով ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, նա կարծիք է հայտնել, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) նոր երկամյա փուլի շրջանակում կարելի է հատուկ ուշադրություն դարձնել այնպիսի ուղղություններին, ինչպիսիք են կիբերանվտանգությունը եւ զորքերի փոխհամատեղելիությունը: 

«Մի քանի հայկական ստորաբաժանումներ արդեն իսկ հավաստագրված են եւ համապատասխանում են ՆԱՏՕ-ի բարձրագույն ստանդարտներին, եւ դա մեծ ձեռքբերում է», - ասել է դաշինքի ներկայացուցիչը: Ջեյմի Շին նկատել է, որ համագործակցության նոր ուղղություն կարող են դառնալ տարածաշրջանային նախագծերը, «հատկապես, հաշվի առնելով Հայաստանի եւ Վրաստանի բարիդրացիական հարաբերությունները»: 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականը նաեւ նշել է Հայաստանի հետ համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում, ընդգծելով, որ աստիճանաբար ավելանում է հայ սպաների թիվը, ովքեր ուսում եւ վերապատրաստում են ստանում դաշինքի անդամ պետություններում: Ջեյմի Շին գոհունակություն է հայտնել ՀՀ ՊՆ-ում կոռուպցիայի հետ պայքարի եւ ռազմական ծախսերի թափանցիկության ապահովման կենտրոնի ստեղծման կապակցությամբ, դա համարելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության եւս մեկ լավ արդյունք: 

Ջեյմի Շին ողջունել է ՀՀ իշխանությունների ջանքերը՝ ուղղված Զինված ուժերում կանանց թիվը ավելացմանը, ասելով, որ ՆԱՏՕ-ն առաջարկել է հայ գործընկերներին մշակել տվյալ ոլորտում Գործողությունների ազգային ծրագիր: