Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի Հեռավար ուսուցման ֆորումի մրցանակը
ՀՀ ՊՆ աշխատանքային խումբն արժանացել է ՆԱՏՕ-ի Հեռավար ուսուցման ֆորումի առաջին մրցանակին:
Խումբը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի եւ «ԳլոբալՆեթ» ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ ներկայացրել է հեռավար ուսուցման բնագավառի իր մշակումները ԱՄՆ-ի Վիրջինիայի մոդելավորման եւ սիմուլյացիոն կենտրոնում։
ՆԱՏՕ-ի Հեռավար ուսուցման ֆորումի շրջանակում անցկացված Հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը ներկայացված ՀՀ զինված ուժերի անձնակազմի համար մշակված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրը նվաճել է առաջին մրցանակը:
Մրցույթ-ցուցադրությանը մասնակցել են ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Թուրքիան, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջը եւ դաշինքի այլ կառույցներ։
Միջազգային մրցույթում լավագույնը ճանաչված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրն արդեն ներդրված է ՀՀ ԶՈւ անձնակազմի կրթական եւ ուսումնական ծրագրերում: