Հուլիս 29, 2015

ՆԱՏՕ-ն իր համերաշխությունն է հայտնել Թուրքիային

 

Հյուսիսատլանտյան խորհրուրդը երեկ Թուրքիայի առաջարկությամբ հրավիրած հատուկ նիստի ժամանակ քննարկել է վերջերս այդ երկրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները եւ պաշտոնական Անկարայի կողմից այդ առիթով ձեռնարկված միջոցառումները:

«Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները եւ մեր ցավակցություններն ենք հայտնում Սուրուչում զոհված ընտանիքների հարազատներին եւ Թուրքիայի կառավարությանը: Ահաբեկչությունն անմիջական սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության եւ միջազգային կայունության ու բարօրության համար: Ահաբեկչությունը, իր բոլոր դրսեւորումներով եւ ձեւերով, երբեք չի կարելի հանդուրժել կամ արդարացնել:

Մենք միասնական ենք Դաշինքի անվտանգության ապահովման հարցում եւ համերաշխ ենք Թուրքիայի հետ:

Մենք շարունակելու ենք չափազանց ուշադիր հետեւել ՆԱՏՕ-ի հարավարեւելյան սահմանի մոտ կատարվող իրադարձություններին»,- ասված է Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից հետո հրապարակված ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ: