Հունիս 18, 2015

Սեյրան Օհանյան. ՆԱՏՕ-ն պետք է բաց լինի բոլոր գործընկերների համար

 

Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ միակ անդամը եւ ՌԴ ռազմավարական դաշնակիցը, որը 2004 թվականից ակտիվորեն ընդգրկված է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղության եւ կայունության ապահովման բոլոր գործողություններին:

Այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հունիսի 18-ին ելույթ ունենալով Երեւանում ընթացող ՀՀ Ազգային Ժողովի եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարում:

«Այս պահին, երբ շատ երկրներ դուրս են բերում իրենց զորքերը Աֆղանստանից եւ ՆԱՏՕ-ն պայքարում է նվազագույն անհրաժեշտ զորքերի քանակը ապահովելու համար, Հայաստանը հայտարարում է իր կողմից որդեգրած All in, all out (բոլորով ներս, բոլորով դուրս) սկզբունքին հավատարիմ մնալու մասին, ինչպես Աֆղանստանում, այնպես էլ Կոսովոյում», - ասել է նախարարը:

Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների հանդեպ ՆԱՏՕ-ից ակնկալվում է հավասարակշռված մոտեցում՝ հատկապես հակամարտող կողմերի հանդեպ:

«Այս խնդիրն առավել արդիական է` հաշվի առնելով ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի կողմնակալ մոտեցումները: ՆԱՏՕ-ն պետք է հավասարաչափ բաց լինի բոլոր գործընկերների համար` հավասարաչափ հնարավորություններ ընձեռելով տարածաշրջանի բոլոր երկրներին, միաժամանակ իրականացնելով այնպիսի նախագծեր, որոնցում երեք երկրները կկարողանան ներգրավվել բազմակող տարածաշրջանային ձեւաչափով», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը: